Թրամփը գոհ է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի արդյունքներից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայում կայացած G20-ի գագաթնաժողովը «հիանալի հաջողություն էր»՝ չհաշված կլիմայական փոփոխությունների հարցում նրա երկրի մեկուսացված դիրքը. գրում է BBC-ն:
18 երկրների առաջնորդները և ԵՄ-ն համատեղ հայտարարությամբ ընդունել են Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ-ն «պետք է սերտորեն համագործակցի մյուս երկրների հետ բրածո վառելիքների ավելի անվտանգ և ապահով օգտագործման հարցում»:
Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը հյուրընկալած Անգելա Մերկելը մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ դժգոհ է Թրամփի դիրքորոշումից, բայց իրեն «գոհացրել» է մյուս 19 երկրների կողմից այդ դիքորոշմանը հակադրվելու փաստը:
Այդուհանդերձ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի ուշ ասել է, որ իր երկրի կողմից Փարիզյան համաձայնագրի վավերացումը կասկածի տակ է, քանի որ ԱՄՆ-ի դուրս գալը վտանգի տակ է դնում զարգացող երկրներին տրամադրվող փոխհատուցումը:
Ինչպես նշում է BBC-ն, Թրամփը նաև որոշ զիջումների գնով առևտրային համաձայնությունների է հասել մի քանի առաջնորդների հետ՝ ընգծելով այդ երկրների շուկայական իրավունքների պաշտպանությունը:
Գագաթնաժողովի շրջանակներում Թրամփը հանդիպում է ունեցել նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որի ընթացում քննարկվել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը:
Թրամփն իր չինացի գործընկերոջն ասել է, որ «ինչ-որ բան պետք է անել» Փհենյանի միջմայրցամաքային բալիստիկ հրրթիռային արձակումները դադարեցնելու համար:
«Սինհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Սին իր հերթին նշել է, որ Չինաստանը կողմ է Կորեական մայրցամաքի ապամիջուկայնացմանը՝ հավելելով, որ չին-ամերիկյան հարաբերություններն «առաջընթաց են գրանցել՝ չնայած որոշ նուրբ հարցերի»: Նա առաջարկել է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հանդիպում կազմակերպել:
Նշենք, որ Համբուրգում գագաթնաժողովի օրերին կատաղի բողոքի ցույցեր էին կազմակերպվել: Ցուցարարները բողոքում էին Թրամփի և Պուտինի ներկայության, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների դեմ: