Արաբական չորս երկրները կրճատել են Կատարին ներկայացված պահանջների ցուցակը. WSJ
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը վերանայել և կրճատել են դիվանագիտական ճգնաժամի կարգավորման համար Կատարին ներկայացված պահանջների ցուցակը. ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդուլլա ալ-Մուալիմիի հայտարարությունը փոխանցում է The Wall Street Journal-ը:
Թերթի տվյալներով՝ չորս երկրների դիվանագետները տեղեկացրել են լրագրողներին, որ կրճատել են իրենց 13 պահանջները՝ թողնելով վեց ընդհանարցված «սկզբունք»:
«Իհարկե մենք պատրաստ ենք փոխզինջման գնալ, սակայն այս վեց սկզբունքների նկատմամբ ոչ մի զիջում չի լինի»,- հայտարարել է ալ-Մուալիմին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ցուցակում առավել հատկանշական փոփոխություններից են եղել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակման, ինչպես նաև երկրից կասկածելի անձանց, օրինակ՝ ծայրահեղական իսլամական հայացքներով աստվածաբանի աքսորման պահանջների չեղարկումը: Բացի այդ, նոր ցուցակում չեն նշվում պահանջների կատարման սեղմ ժամկետները. առավել լայն մոտեցում է կիրառվում: Երկրները Կատարից պահանջում են զերծ մնալ բռնության հրահրումից, ինչպես նաև ահաբեկչությանը տարածաշրջանային և միջազգային աջակցություն ցուցաբերելուց՝ հավատարիմ մնալով 2013 թ. և 2014 թ. արաբական երկրների հետ կնքած հակաահաբեկչական համաձայնագրերին:
ՄԱԿ-ում Կատարի մշտական ներկայացուցիչ Ալիյա Ալ Թանին քառյակի նոր պահանջները գնահատել է որպես միջազգային ճնշման պայմաններում սեփական դեմքը չկորցնելուն և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլ: Այնուամենայնիվ, խմբագրության փոխանցմամբ, երկու կողմերն էլ հույս են հայտնել տարածաշրջանային միջնորդության միջոցով հակամարտության լուծման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզել էին դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով հարևան երկրների ներքին գործերին միջամտելու և ահաբեկչությանն աջակցելու մեջ: Հունիսի վերջին այս չորս երկրները Կատարին էին ներկայացրել ճգնաժամից դուրս գալու 13 պահանջ, որոնք սակայն չէին ընդունվել էմիրության կողմից: