Պուչդեմոնը անկախության կողմնակիցներին կոչ է արել արտահերթ ընտրություններին նեկայացնել միասնական ցուցակ
Կատալոնիայի պաշտոնանկ եղած ղեկավար Կարլոս Պուչդեմոնն անկախության կողմնակիցներին կոչ է արել դեկտեմբերի 21-ին նշանակված արտահերթ ընտրություններին ներկայացնել միասնական ցուցակ։
«Այժմ պահն է, երբ բոլոր դեմոկրատները միավորվեն հանուն Կատալոնիայի, հանուն քաղբանտարկյալների ազատության և հանուն մեր պետության», - իր թվիթերյան էջում գրել է Պուչդեմոնը։
Ներկա պահին Կատալոնիայի նախկին ղեկավարի առաջարկին աջակցում է մոտ 4100 մարդ։
Ավելի վաղ Կատալոնիայի Եվրոպական դեմոկրատական կուսակցությունը կողմ էր հանդես եկել առաջարկին, որ անկախության կողմնակիցներն ընտրություններին գնան միասնական ճակատով։ Այժմ խոսքը «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» և «Ազգային միասնության թեկնածուներ» կուսակցություններինն է, որոնք նույնպես կողմ են հանդես գալիս անկախությանը։
Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։
Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։