ՆԱՏՕ-ն կամրապնդի իր ներկայությունն Աֆղանստանում
2018 թ․ ՆԱՏՕ-ն կավելացնի իր «ոչ մարտական առաքելության» թիվն Աֆղանստանում՝ 13 հազարից դարձնելով 16 հազար մարդ։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման նախօրեին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ներկայությունն այժմ կազմում է 13 հազար մարդ, և մենք ցանկանում ենք այդ թիվը հասցնել 16 հազարի, որպեսզի ապահովենք աֆղանական ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը։ Նախատեսվում է, որ այդ ուժերի մոտ կեսը կտրամադրի ԱՄՆ-ը, իսկ մնացածը՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամները»,- ասել է Սթոլթենբերգը։
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ամերիկացի դաշնակիցները պետք է 1 միլիարդ դոլար տրամադրեն ԱՖղանստանի բանակի ֆինանսավորմանը։ «Ամերիկացիներն իրենց վրա պարտավորություն են վերցրել ամեն տարի մեկ միլիարդ դոլար տրամադրել աֆղանական բանակի և անվտանգության ուժերի ֆինանսավորման համար։ Այս պատրավորությունը պետք է ամբողջապես իրականանա։ Ֆինանսավորման հարցով մենք առանձին հանդիպում ենք ունենալու», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքը խոստացել էր, որ աֆղանական բանակի ֆինանսավորումը կազմելու է տարեկան ավելի քան 4 միլիարդ դոլար, որի մեծ մասը տրամադրելու է Միացյալ Նահանգները։