Պուտինը մեկնաբանել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը
Իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորումը պահանջում է երկարատև և արդար բանակցություններ, որոնց արդյունքը կբավարարի բոլոր կողմերին, իսկ այս շրջանակից դուրս ցանկացած քայլ անարդյունավետ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի-ն, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինն, այսպիսով, առաջին անգամ մեկնաբանել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը։
«Մեր երկրները կողմ են հանդես գալիս Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցոթյուններ սկսելուն, որոնց ընթացքում պետք է քննարկվեն հակամարտության բոլոր վիճելի հարցերը, այդ թվում՝ Երուսաղեմի կարգավիճակի հարցը։ Անհրաժեշտ են երկարատև բանակցություններ, որոնց արդյունքը կբավարարի բոլոր կողմերին», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգութան խորհրդի ընդունած բոլոր որոշումներին։ Վլադիմիր Պուտինը կարծում է նաև, որ բանակցությունների շրջանակից դուրս յուրաքանչյուր քայլ ավելի է ապակայունացնում իրավիճակը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաև ցանկություն է հայտնել Թել Ավիվից այստեղ տեղափոխել ամերիկյան դեսպանատունը։
1995 թ․ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրենք, որով Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պետք է Թել Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ։ Քաղաքի վիճելի կարգավիճակի պատճառով ԱՄՆ-ի բոլոր նախագահներն ամեն վեց ամիսը մեկ ստորագրում էին փաստաթուղթ վերոնշյալ օրենքի կատարումը հետաձգելու մասին։
Թրամփի այս որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, հատկապես՝ Պաղեստինում։ Բողոքի ցույցեր են սկսվել հենց Երուսաղեմում, որտեղ բախումների հետևանքով արդեն հարյուրավոր մարդիկ են տուժել։
Իսրայելը Երուսաղեմն արևելյան թաղամասերով հանդերձ համարում է իր «միակ և անբաժան մայրաքաղաքը», որը գրավվել է 1967 թ․ Վեցօրյա պատերազմի (հայտնի նաև որպես Երրորդ արաբաիսրայելական պատերազմ անվանումով, - խմբ․) ընթացքում։
Երուսաղեմի կարգավիճակի հարցը մերձավորարևելյան այս հակամարտության կարևորագույն կողմն է, որը պետք է կարգավորվի պաղեստինցիների հետ բանակցությունների հիման վրա։