ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանման մասին բանաձևը չի տարածվում Աֆրինի վրա․ Թուրքիայի ԱԳՆ
![](https://www.noror.am/sites/default/files/styles/header_image/public/header-images/ankara_3.jpg?itok=XLNk3OHi)
Սիրիայի Աֆրինի շրջանը, որտեղ Թուրքիայի Զինված ուժերն իրականացնում են «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողությունը, չի ենթարկվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի № 2401 թվակիր բանաձևի պահանջներին․ այն է՝ հրադադարի ռեժիմի սահմանում։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյի հայտարարության մեջ․ գրում է ՏԱՍՍ-ը։
Այս կերպ Ակսոյը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեդեր Նաուերթին, որն ավելի վաղ կայացած ճեպազրույցի ժամանակ Անկարային կոչ էր արել «ավելի ուշադիր կարդալ ընդունված բանաձևի տեքսը, որպեսզի հասկանան, որ Աֆրինում նույնպես պետք է դադարեցնել մարտերը»։
«Բանաձևում նշված շրջաններում, որտեղ առկա է հումանիտար ճգնաժամի վտանգ, չկա Աֆրինի մասին հիշատակում։ Այստեղ խաղաղ բնակչությանը և ահաբեկիչներին տարբերակելու խնդիր չկա։ Աֆրինում պայքար է ընթանում այն խմբավորումների դեմ, որոնք սպառնում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը և Թուրքիայի անվտանգությանը։ Այնպես որ՝ «բանաձևն ուշադրությամբ կարդալու մասին» պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը զուրկ է որևէ հիմքից», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ընդունել էր բանաձև, ըստ որի՝ կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և հայտարարեն 30-օրյա հումանիտար դադար Սիրիայի ամբողջ տարածքում։ Սա անհրաժեշտ է հումանիտար օգնություն հասցնելու և վիրավորներին տարհանելու համար։
Հատկանշական է, որ կրակի դադարեցման ռեժիմը չպետք է գործի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ալ-Նուսրա», «Ալ-Քաիդա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունների ժամանակ։
Բանաձևին կողմ են քվեարկել Անվտանգության Խորհրդի բոլոր 15 անդամները։
Հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերն սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։ Թուրքական բանակի կողմից գործողությանը մասնակցում է նաև «Սիրիական ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զորաջոկատը։