Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները գործնականում կասեցված են․ ԵՄ Խորհուրդ
Թուրքիան հեռանում է Եվրոպական Միությունից, և վերջինիս կազմ մտնելու վերաբերյալ բանակցությունները գործնականում կասեցված են։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի նիստն ամփոփող հայտարարության մեջ։
«Խորհուրդը նշում է, որ Թուրքիան հեռանում է Եվրամիությունից։ Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները գործնականում փակուղում են», - ասվում է փաստաթղթում։
Ընդգծվում է, որ կասեցվել են նաև ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման աշխատանքները։
ԵՄ-ում նշում են, որ անհանգստացած են Թուրքիայում «օրենքի գերակայության» հետ կապված իրավիճակի համար։
«Խորհուրդն անհանգստացած է Թուրքիայում օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների մտահոգիչ իրավիճակով», - ասվում է հայտարարության մեջ։ Խորհուրդը կոչ է անում Անկարային շտկել ներկա իրավիճակը և համապատասխանեցնել այն եվրոպական և միջազգային ստանդարտներին։
Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններն սկսվել են 2005 թ․ հոկտեմբերի 3-ին։ Միության կազմ մտնելու համար Թուրքիան պետք է հաջողությամբ ավարտի Եվրահանձնաժողովի հետ 35 կետանոց բանակցությունները։