ԱՄՆ-ը պատրաստ է Չինաստանի հետ սառը պատերազմ սկսել․ Մայք Փենս
Միացյալ Նահանգները պատրաստ է Չինաստանի հետ սառը պատերազմ սկսել, եթե Պեկինը չփոխի իր քաղաքականությունը։ Այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։
Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Չինաստանի հետ, սակայն դրա համար Պեկինը պետք է լուրջ փոփոխություններ մտցնի իր քաղաքականության մեջ, այդ թվում՝ տնտեսական և ռազմական ոլորտներում։
«Ես կարծում եմ՝ դա մեծապես կախված կլինի Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովից, որտեղ Թրամփը և Սի Ցզինպինը պետք է հանդիպում ունենան», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Նա նշել է նաև, որ սա Չինաստանի վերջին շանսն է սառը պատերազմի սցենարը կանխելու համար։ «Մենք իրոք կարծում ենք, որ այժմ չափազանց ուժեղ դիրքերում ենք», - շարունակել է Փենսը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Պեկինը միջամտում է ԱՄՆ-ի ներքին գործերին՝ փորձելով անգամ հասնել երկրի ղեկավարի փոփոխության։
Նախորդ շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել էր, որ հաջողվել է զգալի հաջողություն գրանցել Չինաստանի հետ առևտրային հակամարտությունը կանխելու հարցում։