Մեր երկրի հաջողությունները երկնքից չեն ընկել․ Չինաստանի նախագահ
Չինացի ժողովուրդը վերջին 40 տարում անհավանական ջանք է գործադրել , որպեսզի հասնի զարգացվածության այն աստիճանին, որում այսօր գտնվում է երկիրը։ Այս մասին բարեփոխումների և բաց դռների քաղաքականության 40-ամյակի առթիվ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
«Վերջին 40 տարիների ձեռքբերումները երկնքից չեն ընկել և, առավել ևս, չեն տրվել ուրիշների կողմից։ Դրանք ստացվել են շնորհիվ մեր բազմազգ պետության ժողովրդի և կուսակցության աշխատասիրության և իմաստության շնորհիվ», - ասել է Չինաստանի առաջնորդը։
Նա ընդգծել է, որ Չինաստանը մի քանի տասնամյակ «հաղթահարել է արդյունաբերական գործընթացը, ինչի վրա բազմաթիվ պետություններ ծախսել են հարյուրավոր տարիներ»։
«Չինացի ժողովրդի ձեռքում անհնարինը դարձավ հնարավոր։ Մենք աննկարագրելի հպարտություն ենք զգում մեր ժողովրդի նկատմամբ, որը կարողացավ հրաշք գործել», - շարունակել է Սի Ցզինպինը։
Դեկտեմբերի 18-ին Չինաստանում նշվում է բարեփոխումների և բաց դռների քաղաքականության 40-ամյակը։ Այս ծրագրի շնորհիվ հաջողվել է երկիրը դարձնել աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող պետություններից մեկը։