Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում «Հեզբոլլահ»-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում լիբանանյան շիայական «Հեզբոլլահ» շարժումը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին Նեթանյահուն խոսել է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ «Հեզբոլլահ»-ի թունելների հարցով Իսրայելի և ԱՄՆ-ի նախաձեռնած նիստի նախօրեին։
«Կոչ եմ անում ԱԽ անդամներին դատապարտել «Հեզբոլլահի» ագրեսիվ գործողությունները և այն ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ վերջինիս նկատմամբ կիրառելով շատ խիստ պատժամիջոցներ։ Կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին աջակցել Իսրայելին իրացնել ինքնապաշտպանվելու իր իրավունքը», - ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ ինքը Պուտինին խնդրել է նույնպես դատապարտել այդ շարժման գործողությունները և «ճիշտ դիրք գրավել, ոչ թե նրանց աջակցել կամ չեզոքություն պահպանել»։
«Մոսկվան միշտ ասել է, որ ցանկանում է կանխել հաջորդ պատերազմը։ Հաջորդ պատերազմը կանխելու ճանապարհը «Հեզբոլլահին» Իսրայելի դեմ ագրեսիվ գործողություններ կատարել թույլ չտալն է», - շարունակել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին իսրայելական բանակն սկսել է «Հյուսիսային վահան» անունն ստացած ռազմական գործողությունը, որի նպատակն է բացահայտել և ոչնչացնել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման փորած թունելները, որոնք գալիս են դեպի Իսրայելի տարածք։