Թրամփը և Էրդողանը քննարկել են Սիրիայի հյուսիսարևելքում անվտանգության ապահովվման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել Սիրիայի հյուսիսարևելքում անվտանգության ապահովվման համար համաձայնեցված որոշման փնտրտուքները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Երկու ղեկավարները համաձայնել են շարունակել փնտրտուքները Սիրիայի հյուսիսարևելքում անվտանգության ապահովվման համար։ Քննարկվել է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության ավելացման հարցում կողմերի հետաքրքրությունները։ Նախագահ Էրդողանը նաև ցավակցություն է հայտնել Մանբիջում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամերիկացի զինծառայողների մահվան կապակցությամբ», - ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնում էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը խոստացել է ապահովել Մանբիջի անվտանգությունը։
Ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Մանբիջի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 4 ամերիկացի, որոնցից երկուսը՝ զինվորական, ևս երկուսը՝ Պենտագոնի քաղաքացիական ծառայող։ Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։