Պակիստանը փակել է օդային սահմանը
Պակիստանի իշխանությունները Հնդկաստանի հետ հարաբերություների սրման ֆոնին փակել են երկրի օդային սահմանները։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով միջազգային օդային երթևեկության NOTAM համակարգի հաղորդագրությանը։
NOTAM –ի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի օդային տարածքը փակ է մինչև փետրվարի 28-ը ժամը 03։59-ը։ Նույն հայտարարությունն է տարածել նաև Կարաչիի միջազգային օդանավակայանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Հնդկաստանը հայտարարել էր «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման ճամբարին ավիահարված հասցնելու մասին, որը գտնվում է Քաշմիր նահանգնի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Արդեն այսօր՝ փետրվարի 27-ին, Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ օդային հարվածներ են հասցրել Ջամու և Քաշմիր նահանգի՝ Հնդկաստանի տիրապետության տակ գտնվող տարածքներին։
Դելին և Իսլամաբադը նաև հայտարարեցին, որ խոցել են միմյանց կործանիչներ։
Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։
Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։