Իսրայելցի զինվորականները կրակ են բացել պաղեստինցիների ուղղությամբ․ կան զոհեր
Այսօր՝ մարտի 4-ին, Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորականները կրակ են բացել իրենց մեքենայով ընթացող պաղեստինցիների վրա։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։
«Պաղեստինցիների մի խումբ փորձել է մեքենայով հարձակվել իսրայելցի զինվորականների վրա, որոնք կանգնած են եղել ճանապարհի ոչ երթևեկելի մասում։ Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Ռամալլայի մոտ գտնվող Քաֆր Նիմա բնակավայրում տեղի ունեցած միջադեպն ահաբեկչություն է։ Իսրայելցի զինվորականներն անմիջապես կրակ են բացել պաղեստինցիների ուղղությամբ։ Արդյունքում երկու պաղեստինցի զոհվել է, ևս մեկը՝ թեթև վիրավորվել», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ դեպքի վայր են ժամանել լրացուցիչ ուժեր։ Իսրայելական կողմից զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։