Բոլթոնը Վենեսուելայի իշխանություններին զգուշացնում է Գուաիդոյին ձերբակալելու դեպքում սպասվող հետևանքների մասին
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը և դաշնակիցները վճռական պատասխան կտան Վենեսուելայի իշխանություններին, եթե վերջիններս որոշեն ձերբակալել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին, որին Միացյալ Նահանգները համարում է Բոլիվարյան Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
«Ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ Վենեսուելա։ Նրա անվտանգ վերադարձի դեմ ցանկացած վտանգ կամ գործողություն կհանդիպի Միացյալ Նահանգների և միջազգային հանրության խիստ պատասխանին», - իր թվիթերյան էջում գրել է Բոլթոնը։
Երեկ՝ մարտի 3-ին, Խուան Գուաիդոն հայտարարել էր, որ մարտի 4-ին պատրաստվում է վերադառնալ Վենեսուելա։
Ավելի վաղ Վենեսուելայի գերագույն դատարանն արգելել էր նրան դուրս գալ երկրից, սակայն գործչին հաջողվել էր փախչել։ Փետրվարի 22-ին նա եղել էր Կոլումբիայի Կուկուտա քաղաքում, որտեղ գտնվում է Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությունը։
Մեկ շաբաթվա ընթացքում նա այցելել է Բրազիլիա, Կոլումբիա, Պարագվայ, Արգենտինա և Էկվադոր։
Նախորդ չորեքշաբթի Վենեսուելայի խորհրդարանը, որը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ, Գուաիդոյին թուլատրել էր երկրից դուրս լինել 5 օրից ավել։